2017 թվականի դեկտեմբերի 19-21-ը Երևանում անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որի նպատակն էր Հայաստանի տարածքային կառավարման մարմինների կարողությունների բարձրացումը` համայնքային մակարդակում տնտեսական զարգացման գործընթացին աջակցելու համար:
Հայաստանի 10 մարզպետարանների 19 մասնագետ և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչը տեղեկացան տնտեսական աճի խթանման և ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ լավագույն միջազգային փորձին:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հատուկ պատվերով՝ տեղական տնտեսական զարգացման պլանավորման աշխատանքների ուղղահայաց համակարգումն ամրապնդելու և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միացած բոլոր 87 համայնքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը իր ելույթում ընդգծեց տեղական իշխանությունների առաջնորդության կարևորությունը տեղական մակարդակում տնտեսական զարգացմանը նպաստելու համար: «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» քարտուղարության ներկայացուցիչների հետ միասին նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ և հանձնեց տեղական տնտեսական զարգացման պլանավորման դասընթացավարների վկայականները: