Բիզնեսի աջակցման ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացումը՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակիցների ուշադրության կենտրոնում

17 հունիսի 2019

2019թ. հունիսի 10-11-ին «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակից համայնքների ներկայացուցիչներն իրենց առաջին ցանցային ուսուցողական այցն են կատարել Հայաստան, որի նպատակը բիզնեսի աջակցման ծառայությունների բարելավումն էր:

Արևելյան գործընկերության երկրներից ժամանած 15 մասնակիցներ, այդ թվում՝ նախաձեռնության Սկսնակ նախագծերի ղեկավարներ, տեղական տնտեսական զարգացման պատասխանատուներ և անգամ մեկ քաղաքապետ, հանդիպել են Հայաստանում՝ տեղական բիզնեսի աջակցմանը վերաբերող ենթակառուցվածքների ստեղծման և բիզնես ծառայությունների որակի ու շրջանակի բարելավման հետ կապված լավագույն փորձն ու առկա մարտահրավերները քննարկելու նպատակով: Ուսուցողական այցի հաջորդ կարևոր թեման նորարարությանն ուղղված աջակցությունն էր: Մասնակից երկրների պանելային հատուկ քննարկումներն անցկացվել և պրեզենտացիաները ներկայացվել են Հայաստանի Սևան քաղաքում: 

«Մեր միջոցառման հիմնական նպատակն է փոխանակել մեր մոտեցումներն ու հաջողված փորձը, ինչպես նաև քննարկել այն ամենը, ինչը հնարավոր է ավելի լավ անել: Հաջողության պատմությունները շատ կարևոր են, սակայն ես կցանկանայի, որ դուք իսկապես քննադատական մոտեցում ցուցաբերեք, որպեսզի մենք կարողանանք համապատասխան և կարևոր լուծումներ գտնել բարելավման համար»,- քննարկումներին ընդառաջ՝ ասել է թեմատիկ խմբի ղեկավար պարոն Լիլիան Դանիլովը:

Միջոցառման զգալի մասը նվիրված է եղել մասնակիցների ծանոթացմանը հիմնական դերակատարներին և տարածաշրջանում առկա հաջողված մոտեցումներին: Ծանոթանալով բիզնեսի աջակցման հայաստանյան փորձին՝ պատվիրակությունը Երևանում այցելել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ), շրջայց է կատարել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, այցելել Սևան համայնքում գործող՝ նախաձեռնության Սկսնակ նախագիծ՝ «ԵՄ-ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ», ինչպես նաև Դիլիջանի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն և ծանոթացել Դիլիջանի՝ զբոսաշրջության զարգացման ենթակառուցվածքներին:

Ուսուցողական այցի ընթացքում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Բոլոր լուսանկարները