2017 թ. դեկտեմբերի 8-9-ը Դիլիջանում գտնվող Հայաստանի Կենտրոնական բանկի գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների 6-րդ ամենամյա համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից` Հայաստանի համայնքների միության հետ համատեղ:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որոնք իրենց ելույթում ընդգծեցին համայնքների աճող դերը տեղական մակարդակում տնտեսական զարգացմանը նպաստելու և աջակցելու հարցում, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընթացիկ բարեփոխումների շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմինների ունեցած դերի ընդլայնումը։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց նախաձեռնությունը և դրա առաջին արդյունքները համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ ծրագրի հիմնական գործիքները և մոտեցումները համահունչ են ազգային առաջնահերթություններին, և լավ ուղղորդիչ դեր ունեն տեղական մակարդակում կայուն տնտեսական զարգացման հասնելու համար։
Համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների, այդ թվում՝ համայնքի ղեկավարների, մարզպետարանների մասնագետների, Տարածքային զարգացման հիմնադրամի, ինչպես նաև միջազգային նախաձեռնությունների ներկայացուցիչների, ինչպիսիք են՝ «Քաղաքապետերի դաշնագիրը» և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնությունը»։