«Համայնքները՝ հանուն կայուն զարգացման» համաժողով. կանաչ լույս ԵՄ-ից՝ Արևելյան գործընկերության երկրների տեղական իշխանությունների համար

26 նոյեմբերի 2018



Կիևում նոյեմբերի 22-23-ն անցկացվել է «Համայնքները՝ հանուն կայուն զարգացման» բարձր մակարդակի երկօրյա համաժողովը: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի տեղական և ազգային իշխանությունների, տեղական իշխանությունների միությունների, գործընկեր կազմակերպությունների շուրջ 400 ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչներ քննարկել են տեղականիշխանությունների դերը՝ կայուն զարգացման, տնտեսական կայունության և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի խնդիրների հայտնաբերման ու լուծման համատեքստում:

«Հաճելի է տեսնել, թե ինչպես են ԵՄ-ի երկու կարևորագույն նախաձեռնությունները՝ «Քաղաքապետերի դաշնագիր»-ն ու «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման»-ը, միավորել իրենց ջանքերը՝ Կիևում համախմբելու Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 320 համայնքի ղեկավարների. ամբողջ աշխարհում և Եվրամիությունում համայնքները չափազանց կարևոր դեր են խաղում տեղերում իրական փոփոխություններ կատարելու հարցում՝ անմիջական ազդեցություն գործելով նաև բնակչության կենսապայմանների վրա»,- նշել է Ուկրաինայի աջակցման խմբի ղեկավար Փիթեր Վագները (Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինություն):

Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոն էլ միջոցառման ժամանակ ասել է.

«Սա այն ճանապարհն է, որով մենք հզորացնում ենք տեղական համայնքները, նրանց հնարավորություն տալիս՝ մշակելու սեփական ռազմավարությունները, ներգրավելու ներդրողներ, իրականացնելու ենթակառուցվածքային նախագծեր և հետևողականորեն շարժվելու կայուն աճի ուղղությամբ: Համայնքներն ունեն կառավարման նոր թիմեր՝ նոր հնարավորություններով, աղբյուրներով ու մոտեցումներով, որոնք ամբողջ երկրում ձևավորում են եվրոպական կառավարման նոր համակարգ»:

Քննարկումների ընթացքում մասնակիցները կդիտարկեն, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության քաղաքներն ու համայնքները լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությանն ադապտացումը, էներգաարդյունավետության բարելավումը և կայուն ու դինամիկ տեղական տնտեսության ձևավորումը: Տարածաշրջանից ժամանած մասնագետները կկիսեն գլոբալ խնդիրներին տեղական լուծումներ տալու իրենց լավագույն փորձը և կքննարկեն առաջիկա մարտահրավերների համար համալիր մոտեցումներ ու արդյունավետ համագործակցային մեխանիզմներ գտնելու հետագա ուղին:

Համաժողովի առաջին աշխատանքային օրվա ավարտին ավելի քան 50 ամենաարդյունավետ համայնքային վարչակազմերին կշնորհվեն հուշանվերներ՝ գնահատելով քաղաքներն ու համայնքները դինամիկ, կայուն և կենսունակ կերպով զարգացնելու նրանց հանձնառությունն ու տպավորիչ արդյունքները:

Բարձր մակարդակի համաժողովը կազմակերպվել է ԵՄ երկու խոշոր նախաձեռնությունների՝ «Քաղաքապետերի դաշնագրի» և «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման»-ի կողմից:


Բոլոր լուսանկարները