2018 թվականի մարտի 1-ին Սևան քաղաքում տեղի ունեցավ «ԵՄ–ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը։ Ծրագրի շնորհանդեսին մասնակցելու համար Սևան էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, փոխնախարարներ Վարազդատ Կարապետյանը, Կարեն Իսախանյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները, ծրագրի գործընկերները:
Այս 24 ամիս տևող ծրագրի նպատակը Սևան համայնքում տեղական ձեռներեցության և գործընկերության զարգացման, ամրապնդման միջոցով զբաղվածության դրական արդյունքներով կայուն և էական տնտեսական աճ ապահովելն է։ Հիմնադրված կենտրոնը կդյուրացնի գործընթացը և բիզնեսի զարգացման ծառայություններ կմատուցի Սևան համայնքում գործող ՓՄՁ-ներին, ստարտափներին (50 ստարտափ և 50 գործող բիզնես) և կաջակցի 200 աշխատանք փնտրողների։