2019թ. օգոստոսից սկսած՝ լայն թափով սկսել է գործել Նորարարության խթանման նոր բիզնես կենտրոնը, որը ստեղծվել է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության «EU4Sevan. ՓՄՁ հարթակ բիզնեսի զարգացման և նորարարության համար» պիլոտային նախագծի շրջանակներում:
Բիզնես կենտրոնն ունի ժամանակակից բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ համատեղ աշխատանքի համար նախատեսված հագեցած գրասենյակներ և հանդիպումների սրահներ: Այն սկսնակ ձեռներեցներին առաջարկում է նաև բիզնեսի աջակցման ծառայություններ, մասնավորապես, մասնագիտական զարգացման թեմայով սեմինարներ, համաժողովներ, կապերի հաստատման և գործարար ուղղորդման միջոցառումներ՝ նախատեսված թիրախային խմբերի համար, կայացած բիզնեսների, կառավարության և գիտության ներկայացուցիչների ելույթներ, անհատական և խմբային խորհրդատվություններ: Շուրջ 45 ձեռներեց իրենց բիզնես պլանները մշակելու գործընթացում օգտվել են կենտրոնի ծառայություններից:
Չնայած նրան, որ բիզնես կենտրոնը բոլորովին վերջերս է բացվել, այդուհանդերձ, հաջողել է իր առանցքային տեղը զբաղեցնել տեղական ձեռնարկատիրական էկոհամակարգում՝ հանդես գալով որպես համագործակցության և գիտելիքների փոխանակման հարթակ: Կենտրոնը հրավիրում է տարբեր ոլորտների փորձագետների՝ սեմինարների անցկացման և տեղական տնտեսության հիմնասյուների բարելավման ուղղությամբ գաղափարների քննարկման նպատակով։
Օգոստոս ամսվա ընթացքում կազմակերպվել է նմանատիպ 5 միջոցառում, այդ թվում՝ «Հաջողակ ձեռներեցի 5 թալիսմանները» թեմայով վարպետաց դասը, «Զբոսաշրջային կիքսեր Գեղարքունիքի մարզում» թեմատիկ վարժանքը, զբոսաշրջության արժեշղթայի դերակատարների համար նախատեսված «Վաճառել» վարժանքը և գյուղատնտեսության ոլորտի փորձագետների կողմից երկրում գյուղատնտեսության զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ ներկայացումը: Կենտրոնի կազմակերպած միջոցառումները ուղղված են թիրախային խմբի կարիքներին և մշտապես գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։