Հարցազրույց Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման (Mayors for Economic Growth) նախաձեռնության Հայաստանի համակարգող Սևակ Հովհաննիսյանի և փորձագետ Գրիգոր Բաղդասարյանի հետ
Ինչո՞վ է առանձնանում Հայաստանը «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության անդամ մյուս երկրներից:
Սևակ Հովհաննիսյան. - Առանձնահատկությունները մի քանիսն են: Նախ՝ պետության հետ համագործակցության և համայնքների ներգրավվածության ծավալը: 2017թ. ապրիլին, երբ ազդարարվեց Հայաստանում նախաձեռնության մեկնարկը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հորդորով 87 համայնքներ ցանկություն հայտնեցին միանալ դրան, ինչը բացառիկ թիվ է մեր պես փոքր երկրի համար: Հետագայում դրանցից 17-ը խոշորացման արդյունքում ընդգրկվեցին այլ համայնքների կազմում, և ներգրավված համայնքների թիվը նվազեց մինչև 70-ը: 2018-ին դրանց միացավ նաև Երևանը, և այժմ մեր ցանցում ընդգրկված է 73 համայնք:
Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ նախաձեռնության արդյունքում պետությունը որոշում կայացրեց բոլոր խոշորացված և 5 հազար բնակչից ավելի ունեցող յուրաքանչյուր համայնքում տնտեսական զարգացման պատասխանատու նշանակել, ընդ որում՝ խոսքը բոլոր համայնքների մասին է, այլ ոչ միայն մեր նախաձեռնությանը միացածների, այսինքն՝ տեղի ունեցավ տեղական տնտեսական զարգացման գործառույթի ինստիտուցիալիզացիա համայնքների մակարդակում:
Եվ, վերջապես, 3-րդ առանձնահատկությունը համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների շատ կուռ ցանցի ստեղծումն է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ նրանք մրցակիցներ են և պետք է ձգտեն չկիսվել իրենց գիտելիքներով, փորձով: Բայց մեզ մոտ բոլորովին հակառակ պատկերն է. մենք խումբ ենք ստեղծել սոցիալական ցանցերից մեկում, և համայնքների ներկայացուցիչները ոչ միայն կիսվում են իրենց փորձով, այլև օգնում են միմյանց:
Գրիգոր Բաղդասարյան. - Ես էլ կառանձնացնեի այն հանգամանքը, որ առաջին փուլի համար ընտրված 22 համայնքներից 16-ը տնտեսական զարգացման պլան ներկայացրին, որոնցից միայն երկուսը բարելավման կարիք ունեն, 10-ը ստացան միջազգային փորձագետների դրական գնահատականը, իսկ 4-ը՝ գնահատվեցին գերազանց: Կուզենայի առանձնացնել ևս մեկ հանգամանք. 16 համայնքներից 8-ի տնտեսական զարգացման պատասխանատուները կանայք են, ինչը չի կարող չուրախացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում միայն Էջմիածնում է համայնքի ղեկավարը կին, այն էլ ընտրվել է 2018 թվականին:
- Որո՞նք են, ըստ ձեզ, ձեր գլխավոր ձեռքբերումները որպես Հայաստանում նախաձեռնության համակարգողներ:
Սևակ Հովհաննիսյան. Ի սկզբանե ծրագիրը չուներ ֆինանսական բաղադրիչ, այսինքն՝ մասնակիցները որևէ ֆինանսական կամ նյութական աջակցություն չեն ստանում, այլ զուտ խորհրդատվություն, մենք մտավախություն ունեինք, որ համայնքների ներկայացուցիչները բավականաչափ խանդավառություն չդրսևորեն նախաձեռնության հանդեպ: Կարծում եմ, մեր գլխավոր ձեռքբերումն այն է, որ կարողացանք մասնակիցներին ճիշտ բացատրել մեր նպատակները, մոտիվացնել նրանց և համբերատար ու հետևողականորեն աջակցել նրանց տնտեսական զարգացման տեսլականի սահմանման և կոնկրետ քայլերից բաղկացած զարգացման պլանների ստեղծման հարցում:
Գրիգոր Բաղդասարյան. - Իսկ ես որպես ձեռքբերում կնշեի նաև ճիշտ մասնակիցների ընտրությունը և նրանց ցանցի ստեղծումն ու զարգացումը: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ տնտեսական զարգացման պատասխանատուները փորձ են փոխանակում թե երկկողմանի, թե բազմակողմանի համագործակցության շնորհիվ, փոխադարձ այցելություններ են անցկացնում և պարզապես մտերմություն անում, ինչը, իմ կարծիքով, պակաս կարևոր չէ:
- Ո՞րն էր գլխավոր մարտահրավերը ձեր
աշխատանքում, և ինչպե՞ս դուք այն
հաղթահարեցիք:
Սևակ Հովհաննիսյան. - Ինձ համար գլխավոր մարտահրավերը համայնքների ղեկավարներին ծրագրով հետաքրքրել, շահագրգռելն էր: Իհարկե, կար նախարարության հանձնարարականը, սակայն շատ տեղերում համայնքների ղեկավարներն անլուրջ, մատերի արանքով էին նայում մի նախաձեռնության, որը չի նախատեսում անմիջական ֆինանսական հոսքեր համայնքի բյուջե: Բարեբախտաբար, անձնական հանդիպումների, քննարկումների արդյունքում մեզ հաջողվեց ոգևորել, շահագրգռել նրանց, որպեսզի ծրագրին պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի:
Կա ևս մեկ մարտահրավեր, որի լուծումը մեծապես կախված է պետությունից՝ համայնքների լիազորությունների և դրանց իրականացման համար ֆինանսական հենքի ընդլայնումը: Գործող օրենսդրությամբ բիզնեսից գանձվող հարկերը ուղղվում են պետական բյուջե և չեն համալրում տեղական բյուջեն, և համայնքները մեծ շահագրգռվածություն չունեն տեղական բիզնեսները, ենթակառույցները զարգացնելու, համայնքն ավելի գրավիչ դարձնելու հարցում: Մինչդեռ զարգացած եվրոպական երկրներում բիզնեսից գանձվող հարկերի զգալի մասը համալրում է անմիջապես տեղական բյուջեն, և համայնքը կարողանում է միջոցներ ուղղել ոչ միայն առօրյա խնդիրների վերացմանը, այլև համայնքի տնտեսական զարգացմանը՝ հրապուրիչ դարձնելով այն ներդրումների համար: Հուսով ենք, որ ՀՀ նոր իշխանություններն այս հարցը կներառեն հանրային կառավարման և տնտեսական բարեփոխումների օրակարգում, ինչը ի վերջո կնպաստի նաև իշխանության ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանը:
Գրիգոր Բաղդասարյան. - Ես էլ որպես մարտահրավեր կավելացնեի տեղեկատվության պակասը, որը մասամբ առաջանում է տվյալների գաղտնիության մասին օրենքի գործողության արդյունքում: Այն սահմանափակում է համայնքի մակարդակով վիճակագրական տվյալների հրապարակումը: Այս խնդիրը հաղթահարելու համար տնտեսական զարգացման պատասխանատուները ստիպված դիմել են կրեատիվ լուծումների՝ համայնքի տնտեսության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և դրանք վերլուծելու նպատակով: Հույս ունենք, որ առաջիկայում ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը լուծում կտան այս հարցին, քանզի տվյալների թափանցիկությունը կարող է էականորեն նպաստել համայնքների ներկա իրավիճակի օբյեկտիվ գնահատման և զարգացման համար:
- Որևէ բան ձեզ զարմացրե՞լ է այս աշխատանքի ընթացքում:
Սևակ Հովհաննիսյան. - Ինձ հաճելիորեն զարմացրել է, որ մեր համայնքներում նման նպատակասլաց ու դրականորեն տրամադրված մարդիկ կան և թե ինչպիսի ոգևորությամբ ու պարտաճանաչությամբ էին նրանք մասնակցում մեր կազմակերպած կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներին։: Ինձ համար դա պարզապես բացահայտում էր:
Գրիգոր Բաղդասարյան. - Ես էլ զարմացած եմ փոխհարաբերությունների այն բարձր մակարդակով, որ ձևավորվել է մասնակիցների ու մեր միջև: Մեր բոլոր առաջարկներն ու խորհուրդներն ընդունվում են մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ, և դա իսկապես պարտավորեցնող է:
- Որևէ հիշարժան, զվարճալի դեպք եղե՞լ է այս հատվածում, որ կցանկանայիք պատմել:
Գրիգոր Բաղդասարյան. – Ես կցանկանայի նշել, որ մեր բոլոր մասնակիցները շատ հումորով են, և թրեյնինգների ընթացքում կատակներն անպակաս էին, ինչը մթնոլորտը դարձնում էր ավելի յուրահատուկ, ինչպես նաև՝ արդյունավետ: