12 դեկտեմբերի 2018
ՀԱՀ Ռազմավարական կառավարման դասընթացի ուսանողներն օգնել են Հայաստանում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության անդամներին մշակել ՏՏԶՊ-ները:
Հայաստանում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության թիմն այս ամառ պրակտիկայի եզակի հնարավորություն ընձեռեց Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բակալավրիատի ավագ կուրսի ուսանողներին:
Հուլիս-օգոստոս ամիսներին, երբ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակիցների առաջին խումբը մշակում էր իր Տեղական տնտեսական զարգացման պլանները (ՏՏԶՊ), պրակտիկայի հատուկ ծրագիր հայտարարվեց Բիզնեսի բակալավրների և Ռազմավարական կառավարման մագիստրոսների համար: Այդ հնարավորության շնորհիվ ուսանողները ձեռք բերեցին տեղական տնտեսական զարգացման կառավարման պրակտիկ փորձ, իսկ մասնակից համայնքներն իրենց ՏՏԶՊ-ները մշակելու հարցում օգտվեցին երիտասարդ մասնագետների թիրախային աջակցությունից:
Ավագ կուրսի հինգ ուսանող ցանկություն հայտնեց ներգրավվել ծրագրում և մասնակցեց հարցազրույցներին, որոնք վարեցին «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» թիմը և ՀԱՀ-ում Բիզնեսի և տնտեսագիտության պրակտիկայի ծրագրի համակարգողը: Ընտրված ուսանողներին ներածական 2-ժամյա դասախոսության ընթացքում ներկայացվեցին նախաձեռնության Հայեցակարգն ու մոտեցումները, ինչպես նաև հասանելիություն տրամադրվեց ՏՏԶՊ-ների մշակմանը վերաբերող մեթոդաբանական նյութերին:
Պրակտիկանտները մասնակցեցին նախաձեռնության մասնակից համայնքների ստանձնած առաջադրանքների կատարմանը, ինչպես նաև մասնակցեցին քննարկումներին, որոնք ծավալվեցին տեղական տնտեսական զարգացման խորհրդականների և համայնքի ղեկավարության հետ: Պրակտիկանտները կանոնավոր կերպով հանդիպում էին նաև Հայաստանում ծրագրի համակարգող թիմի հետ՝ առաջադրանքների կատարման ընթացքը զեկուցելու և նոր հանձնարարություններ ստանալու նպատակով:
Պրակտիկայի ընթացքում յուրաքանչյուր ուսանող աշխատեց 2-3 համայնքի տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման վրա, աջակցեց ծրագրի հայաստանյան համակարգող թիմին՝ նախագծերը դիտարկելու և մեկնաբանելու ընթացքում, հավաքագրեց տվյալներ ու վերլուծություններ, աջակցեց տեղական տնտեսական զարգացման խորհրդականներին՝ թարգմանելու ամփոփագրերն ու ՏՏԶՊ-ները: Պրակտիկանտներն ուսումնասիրեցին նաև տեղական տնտեսական զարգացումն Արևելյան Եվրոպայի այն երկրներում, որոնց փորձը համապատասխանում է Հայաստանի համայնքներին: Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա՝ նրանք առաջարկեցին համայնքներում տեղական տնտեսական զարգացումը խթանելու նոր գաղափարներ, ինչպիսիք են փառատոնների կազմակերպումն ու զբոսաշրջության առաջմղումը:
Ե՛վ շահառուները, ե՛ւ համալսարանի ղեկավարությունը ողջունեցին համագործակցության այս նոր ձևաչափը և դրական գնահատեցին ստացված արդյունքները: Ներկայում քննարկվում են համագործակցության այլ եղանակներ, ինչպես նաև դիտարկվում է նախաձեռնության՝ տեղական տնտեսական զարգացման վերաբերյալ նյութերի ինտեգրումը համալսարանի ուսումնական պլանում:
4-րդ կուրսի ուսանող Մերի Յոլյան. ««Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի պրակտիկան ինձ տվեց իրական փորձ, որն օգնեց՝ ավելի լավ հասկանալու տեղական տնտեսությունը և այն դերը, որ կարող են ունենալ տեղական ինքնակառավարման մարմինները տնտեսության զարգացման գործում: Բացի այդ, շատ արդյունավետ և ոգևորիչ էր թիմային աշխատանքն ու արհեստավարժ մասնագետների կողմից ուղղորդումն ամբողջ պրակտիկայի ընթացքում»: